Տեղի ունեցավ «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության տարեվերջի ամփոփման նիստը

«Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հանձնախմբի տարեվերջյան նիստում որոշվեց, որ 3-րդ փուլով ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 2020 թվականի պատերազմի մասնակից այն լճաշենցի զինծառայողներին, ովքեր ի սկզբանե զորակոչվել են Արցախ և պատերազմի օրերին եղել առաջնագծում։
Նախապես տվյալները ճշտվել են Սևանի զինկոմիսարիատի և Լճաշենի համայնքապետարանի հետ։
Այս խմբի ժամկետային զինծառայողները թվով 16-ն են, որոնցից մեկը պատերազմի ընթացքում վիրավորվել էր, ապաքինվել ու կրկին վերադարձել առաջնագիծ և տեղեկատվության բացակայության պատճառով չէր ներառվել 2-րդ փուլի ցուցակներում, ուստի հանձնախմբի որոշմամբ սույն զինծառայողին կհատկացվի 100.000 ՀՀ դրամ, իսկ պատերազմի մասնակից մյուս 15 զինծառողներին՝ 50.000-ական դրամ։
Ուստի խնդրում ենք վերոնշյալ զինծառայողների ծնողներին իրենց անձնագրի պատճեն, բանկային հաշվեհամարները (ոչ թե քարտի վրայի թվերը) և զինվորի ծննդյան վկայականի պատճենը տրամադրել «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Վարդանյանին ։
Նիստի ընթացքում որոշվեց, որ այս փուլում 200.000-ական դրամ հատկացնել ծագումով լճաշենցի, 2020թ. պատերազմում զոհված կապիտան Արման Լեռնիկի Պողոսյանի և անհետ կորած Արմեն Լյովայի Բաբայանի կանանց և երեխաներին։
Օրակարգի մյուս հարցում որոշվեց 4-րդ փուլում աջակցություն ցուցաբերել ՀՀ զորամասերում ծառայող, սակայն պատերազմի օրերին առաջնագիծ տեղափոխված ժամկետային զինծառայողներին։ Մինչ այդ կրկին աշխատանքներ կիրականացվեն զինկոմիսարիատի և Լճաշենի համայնքապետարանի հետ։
«Հանուն Հայրենիքի պաշտպաններին» հաշվեհամարին փոխանցումները շարունակվում են, որին կարող եք հետևել մեր պաշտոնական կայքում՝  և ֆեյսբուքյան էջում։
Առաջիկայում անպայմանորեն խրախուսական ուշադրության են արժանանալու լճաշենցի կամավորականներն ու պահեստազորայինները։