Հանդիպում մարզպետարանում

Հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և մարզի տարբեր տարածքներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների միջև: Մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզի հասարակական կազմակերպությունների նախագահներին՝ արցախյան պատերազմի ընթացքում պետությանը և հայոց բանակին աջակցելու համար, ինչպես նաև ետպատերազմյան օրերին զոհված, վիրավորում ստացած և անհետ կորած զինծառայողների ընտանիքների կողքին լինելու համար։ «Լճաշենցիների միավորում» ՀԿ նախագահ Պապին Մուրադյանը տեղեկացրեց, որ արդեն երկու ամիս է՝  իրականացվում է «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» ծրագիրը, որի շրջանակներում ֆինանսական աջակցութուն է ցուցաբերվել արցախյան մերօրյա պատերազմում զոհված, անհետ կորած, վիրավորում ստացած, ինչպես նաև առաջնագծում ծառայություն իրականացրած զինծառայողների ընտանիքներին։ «Լճաշենցիների միավորման» նախագահն ասաց, որ նախատեսվում է «Հանուն Հայրենիքի պաշտպաններին» նախաձեռնության հեղինակ Հայկ Ասլանյանի առաջարկով ու միջոցներով առաջիկայում Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը վերանորոգել և կահավորել անհրաժեշտ պարագաներով։ Ապագա սերունդները հենց այս լսարանում անմահացած լճաշենցի ազատամարտիկների լուռ, բայց և խոսուն հայացքների ներքո կկրթվեն ու կդաստիարակվեն։ Ռազմագիտության դասարանի բացման օրը գնահատանքի և խրախուսանքի կարժանանան այն տասնյակ կամավորական լճաշենցիները, ովքեր ինքնաբուխ մեկնել են առաջնագիծ՝ հանուն մեր երկրի ու մեր զավակների խաղաղության։ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար եւ պատրաստակամություն հայտնեց հետագա ծրագրերում շարունակել համագործակցել։