«Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն հանդիպեց Լճաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը «Լճաշենցիները Լճաշենի մասին» ծրագրի շրջանակներում հանդիպում է կազմակերպել Լճաշեն համայնքի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Պապին Մուրադյանը մանրակրկիտ ներկայացրեց ծրագրի նպատակը, ընթացքն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ այս համագործակցությունը նպաստավոր է ինչպես դպրոցի և նրա գրադարանի, այնպես էլ գյուղի զարգացման համար։

 

Ծրագրի ընթացքում աշխատելու ենք երեք սերնդի լճաշենցիների հետ։ Աշակերտները անգլերենի, ռուսերենի և գերմաներենի ուսուցչուհիների հետ միասին կթարգմանեն գյուղի պատմամշակութային վայրերին վերաբերող նյութերը, և այդ տեղեկությունը տեղ կգտնի պատրաստվող բուկլետներում։ Այս ընթացքում պարբերաբար այցեր և քննարկումներ կլինեն ծրագրի անդամների կողմից,- նշեց Պապին Մուրադյանը։

 

Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Աշոտ Տեր- Գրիգորյանի անվան գրադարանը՝ այն դպրոցական գրադարանից վերածելով մշակութային-տեղեկատվական կենտրոնի, որը կծառայի Լճաշենի հոգևոր և պատմամշակութային արժեքների հանրահռչակմանը։

Աղբյուր՝ Գեղամա հեռուստաընկերություն